Նուբարաշենի եւ Աջափնյակի աղբավայրերը կփակվեն, իսկ Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում նոր եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայրի երկու գոտիների կկառուցվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Եվրոպական ներդրումային բանկի հետ վարկային համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման շնորհիվ մայրաքաղաքում կլուծվեն բնապահպանական մի շարք խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած են եղել Երեւանի առջեւ: Անչափ կարեւոր է Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում նոր եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայրի երկու գոտիների կառուցումը, որոնք ներառում են հոսքաջրերի հավաքման գծերն ու հավաքատեղին, գազի հավաքման կայանը, հոսանքի ստացման գեներատորը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ փակել Նուբարաշենի եւ Աջափնյակի գործող աղբավայրերը: Համոզված եմ, որ այս ծրագիրը եւս կիրականացվի ժամանակին եւ պատշաճ որակով»,- նշել է քաղաքապետը:
Իր հերթին Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը նշել է. «Առաջին անգամ կարող ենք աջակցել նաեւ ավելի մասշտաբային ծրագրերի, ինչպիսին է օրինակ թափոնների կառավարման ոլորտը, ինչը կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի բնակչության կյանքի որակի բարձրացմանը: Եվրոպական ներդրումային բանկը կարեւորում է Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը եւ լիահույս է, որ իրականացվող ծրագրերն իրենց դրական ազդեցությունը կունենան Երեւան քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա»:




























