Արգենտինայի իշխանությունները դեռ ազգային սուգ չեն հայտարարի San Juan սուզանավի նավաստիների համար այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել սուզանավը: Այդ մասին հաղորդել են հարավամերիկյան այդ երկրի կառավարության աղբյուրները, փոխանցում է Clarin պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ «կառավարությունը չի պատրաստվում San Juan սուզանավի անձնակազմի 44 անդամներին զոհված ճանաչել եւ նրանց համար սուգ հայտարարել, քանի դեռ իր տրամադրության տակ չկան խորտակված սուզանավի առնվազն լուսանկարները»:
Արգենտինայի Ռազմածովային ուժերի ARA S-42 San Juan սուզանավի փրկարարական գործողությունների դադարեցման մասին որոշումը պայմանավորված է Միջազգային ծովային կազմակերպության նորմերով (ՄԾԿ):
ՄԾԿ-ում երկու անգամ ավելի շատ ժամանակ են տրամադրել որոնողա-փրկարարական գործողությունների առաջին փուլի իրականացման համար, քան դա ամրագրված է արձանագրությամբ:
«Մենք պետք է հետեւենք այդ նորմերին, այլ ընտրություն չունենք», - իշխանության անանուն ներկայացուցչի խոսքն է մեջբերում պարբերականը:
Նա նշել է, որ փրկարարական գործողությունների դադարեցումը «ոչ մի կերպ չի նշանակում, որ ՌԾՈՒ-ը հրաժարվում են սուզանավի որոնումներից: Կա քաղաքական որոշում՝ շարունակել սուզանավի որոնումները՝ օգտագործելով մեր ողջ ներուժը եւ միջազգային օգնությունը»,- ասել է պարբերականի զրուցակիցը:



























