Մղարթում այսօր՝ դեկտեմբերի 1-ին նախանշված հանրային քննարկումը՝ հանքավայրի երկրաբանական հետազոտման վերաբերյալ, չի կայացել։
Այսօր Լոռու մարզի Մղարթ համայնքում նախատեսված էր «Միռամ» ընկերության կողմից Շեկաղբյուրի բազմամետաղային հանքերեւակման երկրորդ հանրային լսումները։Բնակիչները, սակայն, փակել էին գյուղ տանող ճանապարհն ու գյուղապետարանի մուտքը՝ թույլ չտալով անցկացնել նախատեսված քննարկումը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մղարթի գյուղապետարանի դիմաց հավաքված հարակից 4 գյուղերի բնակիչները դեմ են գյուղի տարածքում Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը, Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն այդ մասին արձանագրություն կազմեց։ Ըստ այդմ, Օձուն համայնքի Մղարթ, Արդվի, Արեւածագ ու Օձուն բնակավայրերից Մղարթում ներկա բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը եւ թույլ չտվեցին քննարկման անցկացումը: Մղարթ համայնքի ներկայացուցչի նստավայրում նախատեսված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտի երկրորդ հանրային քննարկումը չկայացավ»:
Արձանագրության տեքստն ընթերցվեց հավաքված գյուղացիների համար, որոնք այն ընդունեցին բուռն ծափահարություններով: Միայն արձանգրությունը լսելուց հետո գյուղացիները համաձայնվեցին հեռանալ տարածքից:
Համայնքապետն արձանագրությունը կուղարկի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին:
Նշենք, որ «Միռամ» ընկերության մասով, որը Օձունում ներառված Արդվիի տարածքներում գտնվող (Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները) Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունի, սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ:
.jpg)




























