2016 թվականին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 5,07 մլրդ դոլար: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտերգրման հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենհաուերի» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ անցկացվող լսումների ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքից ընտրված ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ նշված գումարի 24,01 տոկոսը ԵՄ-ին է բաժին ընկնում, իսկ 26,99 տոկոսը՝ Ռուսաստանին: «Այսինքն՝ գրեթե հավասար են: Չինաստանի հետ ունենք 8,95 տոկոս, ինչը 455 մլն դոլար է կազմում, իսկ Իրանի հետ՝ 238 մլն դոլար»,- նշեց Մելքումյանը՝ հավելելով, որ Եվրամիության մի քանի երկրների հետ Հայաստանը արտաքին առեւտրաշրջանառության համեմատաբար բարձր ցուցանիշներ ունի, իսկ մյուսների հետ չափազանց ցածր մակարդակում է: Այսպես՝ Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը 2016-ին կազմել է ընդամենը 29 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեորության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:




























