Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարողանում կատարել իր պարտականությունները որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Համաձայն տեղեկության՝  նոյեմբերի 30-ին Կիեւում ավարտված ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում ուկրաինական նախագահությունը փաստացիորեն չի հրավիրել հայկական խորհրդարանական պատվիրակությանը համատեղ հռչակագրում սկզբունքային նշանակության  հարցերի շուրջ փոփոխությունների քննարկմանը։ Արդյունքում, հայկական պատվիրակությունը ստիպված է եղել լքել նիստերի դահլիճը »,– ասված է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ–ում գտնում են, որ Ուկրաինան չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները որպես ՍԾՏՀ նախագահող. խախտվում են բազմակողմ կազմակերպությունների համընդհանուր նորմերն ու սկզբունքները, չի ապահովվում լրիվ ձեւաչափով պատվիրակությունների մասնակցությունը եւ ոտնահարվում են պառլամենտարիզմի հիմնական սկզբունքները: «Հարկ է հիշեցնել, որ ռուսական խորհրդարանական պատվիրակությունը Կիեւում ՍՏԾՀ ԽՎ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու հրավեր չի ստացել, որը խախտում է ՍԾՏՀ ԽՎ աշխատանքի կարգը։  Ցավոք, պատվիրակությունների իրավունքների այդ խախտումները տեղի  են ունեցել մյուս անդամների լուռ համաձայնությամբ: Այս հարցը, կարծես թե, պահանջում է Վեհաժողովի շրջանակներում լուրջ քննարկում: Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներկայացրած փոփոխություններին, դրանք վերջին պահին են տեղ գտել նախնական համաձայնեցված հայտարարության նախագծում եւ ունեին մտադրված սադրիչ բնույթ: Ուկրաինացիները, փաստորեն, չարաշահեցին նախագահությամբ  ստացած իրենց գործառույթները։ Ավելին, նստաշրջանի վերջնական հռչակագիրը, որը համընկավ Վեհաժողովի 25-ամյակի հետ, պետք է համախմբեր  անդամներին, բայց  դարձավ Ուկրաինայի ապակառուցողական ձգտումների պատանդը»,–ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՍԾՏՀ ԽՎ–ում  հայկական պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ `կապված Կիեւում ընթացող նիստում որոշ գործընկերների ոչ կոռեկտ  վարքագծի հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Հայաստանի պատվիրակությունը սա ընկալում է իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ:

Բողոք. հայկական պատվիրակությունը լքել է Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ դահլիճը