Բազմազավակ ծնողները «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը ցանկանում են քննարկել վարչապետի հետ: NEWS.am-ի հետ զրույցում 14 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը նշեց, որ նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններն արդեն ներկայացրել են կառավարություն, նաեւ խնդրել են հանդիպում վարչապետի հետ:
Կառավարոթյունից խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում պատասխանել:
Բազմազավակ ընտանիքները պահանջում են ստեղծել անկախ փորձագիտական հանձնաժողովներ, որոնք կօգնեն բազմազավակ ընտանիքներին կազմել բիզնես ծրագրեր, տրամադրել համապատասխան չափի գումար փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար: Բիզնեսով զբաղվող ընտանիքներն առաջիկա 7 տարիների ընթացքում կազատվեն բոլոր տեսակի հարկերից եւ տուրքերից:
Նպաստի համակարգը աստիճանաբար պետք է վերացվի. բիզնես ստեղծած ընտանիքներին պետք է հանել նպաստի համակարգից: Խնայված ֆինանսական միջոցներնէլ պետք է ուղղվեն բազմազավակ ընտանիքների բիզնես ստեղծելու եւ այն ընդլայնելու հնարավորություններին:
Ըստ առաջարկության՝ վեց եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար 50 տոկոսով պետք է զեղչվի էլեկտրականության, ջրի, գազի վարձը, իսկ գյուղաբնակները պետք է ազատվեն հողի եւ ջրի վարձավճարներից:
Առաջարկվում է նաեւ բազմազավակ ընտանիքներին բնակարանը տալ մեկ տոկոսով՝ 25 տարի ժամկետով. 5-րդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը մայր գումարի 30 տոկոսը պետք է վերցնի իր վրա, 6-րդ-ի դեպքում՝ հաջորդ 30 տոկոսը, իսկ 7-րդի դեպքում բնակարանը դառնում է ընտանիքի սեփականությունը:
10 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների զավակաները բանակում գումարով պետք է ծառայեն, ծնողներն ունենան պետության կողմից արտոնված տարին մեկ անգամ 15-20 օրով հանգստանալու եւ անվճար բուժ. զննության իրավունք:
Բազմազավակ մորը որպես խրախուսանք պետությունը պետք է տա 200 հազար դրամ:
10 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ նվիրի ավտոմեքենա:




























