ՀՀ Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ձեւավորվում է նոր մշակույթ, եւ նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. մասնավորապես՝ այժմ արդեն քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով մշակվել եւ Տարածքային զարգացման հիմնադրամ են ներկայացվել ծրագրեր. նախատեսվում է արդեն 2 բնակավայրում՝ Սարապատում եւ Աշոցքում, մոտ 3000 հա չափով ավելացնել ոռոգելի տարածքները: Ակտիվ քննարկման փուլում են նաեւ Ամասիայի տարածաշրջանում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ Կապսի ջրամբարի շինարարության հարցերը: Վերջինս, մարզպետ Խաչատրյանի խոսքով, էապես կկարողանա փոխել մարզի գյուղատնտեսական իրավիճակը: Շիրակի մարզպետը կառավարության ղեկավարին զեկուցել է, որ շարունակական աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի շրջանակում առաջարկվող շահավետ պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու եւ շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Մարզպետ Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ կառավարություն է ներկայացվել 15 ներդրումային ծրագիր. հաստատվել է «Շիրակ» հյուրանոցի կառուցման ծրագիրը, առաջիկա օրերին կհաստատվի նաեւ մարզամշակութային կենտրոնի կառուցման ծրագիրը: Բիզնես ծրագրեր են իրականացվում նաեւ Արթիկ քաղաքում. նախատեսվում է կառուցել տեքստիլ գործարան, որը կապահովի շուրջ 600-700 աշխատատեղ, առաջիկայում աշխատանքները կսկսի նաեւ ծխախոտի արտադրության գործարանը, որը նախատեսում է ծխախոտ արտահանել դեպի Ռուսաստան, Ուկրաինա: Առաջընթաց կա նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. 2017թ. նոյեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած համաժողովից հետո արդեն 2 ընկերություն գրասենյակ է բացել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Մարզպետը նշել է, որ վերջին ամիսների կտրվածքով գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում մասնավոր ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ 2017թ. սեփական եկամուտների հավաքագրման առումով էական աճ է արձանագրվել. 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրումն ավելի է շուրջ 200 մլն դրամով: Շիրակի մարզպետի խոսքով՝ ներուժն ավելի մեծ է, եւ այն լիարժեք օգտագործելու նպատակով այժմ քննարկման փուլում են սեփական եկամուտների հարկային բազայի ճշգրտման, ինչպես նաեւ համայնքներին տրվող դոտացիաների եւ սուբսիդիաների մեխանիզմի բարելավման հարցերը՝ ավելի վճարած համայնքներին ավելի մեծ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

Աղբահանության ոլորտում արձանագրվել են հետեւյալ ցուցանիշները. ուսումնասիրվել եւ քարտեզագրվել է 337 աղբանոց, փակվել է 228-ը, նախատեսվում է փակել եւս 22-ը։ 2017թ. նոյեմբերի դրությամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների դիմաց կնքվել է 1972 պայմանագիր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է հավաքվել մոտ 24 մլն դրամով: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, աղբահանության արդյունքները բավարար չի համարել, եւ որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Խոսելով զբոսաշրջության ոլորտի ծրագրերի մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ շարունակվում են աշխատանքները քաղաքային, պատմամշակութային  եւ արկածային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Որոշակի արդյունքներ կան արկածային տուրիզմի մասով. մշակման փուլում է գտնվում Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Արփի լճի ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:

Ինչ վերաբերում է Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրին, մարզպետի խոսքով, այն տրամադրություն փոխող եւ զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող ծրագիր է, որը կարող է դառնալ թե´ Գյումրին, թե´ Շիրակի մարզն առաջ տանող լոկոմոտիվը: Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ Ռուսթավելի փողոցի վերաբացումից հետո ավելացել է Գյումրիում գույք ձեռք բերելու, ներդրումներ կատարելու առումով հետաքրքրվողների թիվը, եւ այժմ մշակվում է բիզնես կատալոգ՝ քաղաքի եւ հարակից ենթակառուցվածքների ներդրումային հնարավորությունների մասին:

Ամբողջ թափով քննարկվում են նաեւ Շիրազի փողոցի վերականգնմանը վերաբերող հարցերը, իսկ արդեն վերաբացված Ռուսթավելի փողոցում նախատեսվում է կազմակերպել ամանորյա տոնավաճառ: