Ղրղզստանի եւ Ղազախստանի կառավարությունների ներկայացուցիչները ստորագրել են երկու պետությունների սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ։ Այս մասին հայտնել են Ղրղզստանի կառավարության աշխատակազմից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Աշխատակազմի աշխատակիցների տեղեկություններով՝ փոխվարչապետ Թոքլունբեկ Աբդըգուլիեւի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Աստանա բանակցությունների նպատակով։ «Ճանապարհային քարտեզի բոլոր կետերը, որոնք նախկինում կողմերի մոտ հարցեր էին առաջացրել, համաձայնեցվել են, փաստաթուղթը ստորագրվել է»,– ասված է հայտարարության մեջ։
Ղրղզստանի եւ Ղազախստանի միջեւ սահմանին իրավիճակը սրվել էր հոկտեմբերի 10-ին՝ այն բանից հետո, երբ Ղազախստանը խստացրել էր հսկողությունը հսկիչ անցակետերում։ Դրա արդյունքում սահմանին խցանումներ եւ հերթեր էին գոյացել։ Ղազախստանն իր գործողությունները հիմնավորել էր ԵՏՄ անդամ երկրներից «սեւ ներմուծման» դեմ պայքարի անհրաժեշտությամբ։




























