Արագածոտնի մարզի սահմանամերձ եզդիաբնակ Թլիկ գյուղում  մի շաբաթից ավելի է, ինչ մի փողոց զրկված է էլեկտրականությունից: Թլիկի համայնքապետ Սլավիկ Սաղոյանը NEWS.am-ին պատմեց, որ իրենք մի քանի օր է, ինչ այլ փողոցներից հոսանք են տարել հոսանքազրկված փողոց:

«Անմխիթար վիճակա հիմա գյուղում, ստիպված այլ փողոցից լարերով տարել ենք, մի կերպ միացրել ենք, բայց ինչ են մտածում էլեկտրիկները, մենակ իրենց փողի տերն են, ոչ գալիս են, ոչ վերանորոգում: Էգուց ձմեռն էլ եկավ, ձյունը նստեց, կարողա էդ լարերը պոկվեն ու ընկնեն երեխեքի կամ մարդկանց վրա: Արենդատրին ասում եմ` ասումա գնա պետի մոտ, պետին ասում եմ, ասումա գնա էն մյուսի մոտ, հիմա ես ում ասեմ»,-դժգոհեց գյուղապետը:

18 բնակելի տուն ունեցող փոքրիկ եզդիաբնակ համայնքում խնդիրներն առանց այդ էլ շատ են: Գյուղը չունի մանկապարտեզ, խանութ, 22 աշակերտ ունեցող դպրոցն անմխիթար վիճակում է: Գյուղը 2006 թվականից խմելաջուր չունի, իսկ անասուների համար ջուրը պոմպակայանով են հանում, որն էլ ժամանակ առ ժամանակ չի աշխատում:

«Խնդիրները շատ-շատ են, չգիտեմ` որն ասեմ: Խոստացել են 2018 թվականի բյուջեով ջրի հարցը լուծեն, չգիտեմ` ինչ կլինի: Հեսա ձմեռն էլ եկավ էդ պոմպակայնն էլ անընդհատ փչանալու է»,-ասաց գյուղապետը:

Գյուղապետի խոսքով` եթե մյուս տարի էլ ջրի հարցը չլուծվի մեծ արտագաղթ կլինի, առանց այդ էլ փոքրաթիվ բնակիչներ ունեցող գյուղից: