ԱՄՆ-ն հայտարարել է միգրացիայի մասին գլոբալ պայմանագրին միանալուց հրաժարվելու մասին, քանի որ «այն չի համապատասխանում երկրի շահերին»: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն: 

Վաշինգթոնը միացել է, այսպես կոչված, փախստականների մասին Նյույորքյան հռչակագրին: Ըստ հռչակագրի՝ 2018 թվականին ՄԱԿ անդամ բոլոր 193 երկրները ընդունելու էին փախստականների հոսքերի կառավարման եւ նրանց նկատմամբ միջոցառումների պայմանագիրը:

«Նյույորքյան հռչակագիրը մեծ թվով դրույթներ է պարունակում, որոնք չեն համապատասխանում միգրացիայի եւ փախստականների ոլորտում ԱՄՆ քաղաքականությանը, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի սկզբունքներին»,- նշված է մշտական ներկայացուցչի հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ ԱՄՆ-ն հռչակագրին միացել է այն ժամանակ, երբ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Բարաք Օբաման:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքով՝ ԱՄՆ-ն մտադիր է ինքնուրույն որոշել իր միգրացիոն քաղաքականությունը, մասնավորապես՝ վերահսկել սահմանը եւ ում թույլ տալ երկիր մտնել: Դրա հետ մեկտեղ Հեյլին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ամբողջ աշխարհում օգնել միգրանտներին  եւ խախստականներին: