Դոմինիկյան Հանրապետությունում հանդիպման ժամանակ Վենեսուելայի ընդդիմադիր կոալիցիայի եւ իշխանությունների հանաձայնության հասնելու փորձերը ձախողվել են, հայտնում է El Universal-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ կառավարական պատվիրակությունը ընդդիմացել է «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» (MUD) կոալիցիայի պահանջին՝ 2018-ին նախագահական «թափանցիկ» ընտրություններ անցկացնելու, ցրված խորհրդարանը վերականգնելու եւ քաղբանտարկյալներին ազատելու մասին:

Միջնորդ հանդես եկող Դոմինիկյան հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան հայտարարել է, որ կողմերը մոտեցել են համաձայնագիր կնքելուն: «Կառավարությունը հաստատել է հանուն Վենեսուելայի ժողովրդի շահերի համաձայնագրի հասնելու իր հաստատուն կամքը: Դեկտեմբերի 15-ին այստեղ խորհրդակցություն կացկացվի վերջնական համաձայնագրի համար»,- հայտարարել է Մեդինան:

Դոմինիկյան հանրապետությունում անցկացվող բանակցությունների երաշխավորներ են հանդես գալիս նաեւ Մեքսիկայի, Չիլիի, Բոլիվիայի, Նիկարագուայի, Սենթ Վինսենթի եւ Գրենադայի ԱԳ նախարարները: