Ժողովրդագրական աճի միտումները բավական մտահոգիչ են, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարի բնական աճի ցուցանիշները բավական նվազել են: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:
«Եթե միտումները այսպես շարունակվեն 2025 թվականին մենք կունենանք բացասական բնական աճ` այսինքն մահերը կգերազանցեն ծնունդներին»,-ասաց նա:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ 2040 թվականին երկրի բնակչությունը հասնելու է 4 միլիոնի, ժողովրդագրագետը անիրատեսական համարեց նման ցուցանիշի հասնելը:
«Բնակչությունը երկու ձեւով է ավելանում` մեխանիկական եւ բնական ճանապարհով: Հիմա մեխանիկականը ներգաղթն է, որը դեռ հնարավոր չէ, քանի որ արտագաղթ ունենք, իսկ բնականի` ծնելիության ցուցանիշները նույնպես նվազում են: Այդ ցուցանիշին հասնելու համար պետք է ունենանք շատ մեծ բնական աճ, մոտ 50 000-ի կարգի, որը այս պայմաններում հնարավոր չէ, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը դա թույլ չի տալիս, նաեւ այն որ 90-ականների սերունդը շատ քիչ է, բնականաբար ծնունդներն էլ քիչ են լինելու»,-ասաց Արտակ Մարկոսյանը:




























