Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Վորլդ Վիժն Հայաստանը եւ Մանկական զարգացման հիմնադրամը ազդարարեցին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» համատեղ ծրագրի մեկնարկը:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Եռամյա ծրագիրը, որը ներգրավելու է Հայաստանի բոլոր մարզերն ու մայրաքաղաքը, ն իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Առաջիկա տարիների ընթացքում, ծրագիրը կաջակցի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը, ինչպես նաեւ սերտորեն կաշխատի թիրախային համայնքների հետ՝ աջակցելով սոցիալական խնդիրների հայտնաբերման, կանխման եւ հասցեագրման կարողությունների զարգացմանը ՝ այդպիսով խթանելով Հայաստանում համայնքային սոցիալական ծառայությունների կայացումը:
«Մենք կարեւորում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության եւ տեղական գործընկերների հետ մեր սերտ ու շարունակական համագործակցությունը»,- ողջույնի իր խոսքում նշել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Դեբորա Գրիզերը: «Նոր ծրագիրը հենվելու է սոցիալական պաշտպանության եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում Հայաստանի կառավարության բարեփոխումներին աջակցող ԱՄՆ ՄԶԳ այլ ծրագրերի ձեռքբերումների վրա: Հայաստանի 264 համայնքներում ավելի քան 50 համայնքային սոցիալ աշխատող կներդրվեն ծրագրի արդյունքում` հզորացնելով սոցիալական պաշտպանության ոլորտը համայնքային մակարդակում եւ արձագանքելով խոցելի մարդկանց կարիքներին»:
Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ ծրագիրը թույլ կտա սոցիալական ծառայություններն էլ ավելի մոտեցնել համայնքին: «Ծառայությունները կդառնան առավել հասանելի, իսկ տարբեր մակարդակներում առկա սոցիալական ծառայությունների միջեւ համագործակցության բարելավումը միմիայն դրական ազդեցություն կունենա առավել խոցելի ընտանիքների կյանքի որակի բարելավման գործում»:
Իր հերթին, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն ասաց, որ հիմնադրամը ծրագրային աշխատանքներ է ծավալելու 4 մարզերում, որտեղ սոցիալական աշխատանքի խթանմանն ուղղված համալիր միջոցառումներ դեռեւս չեն իրականացվել: «Ընդհանուր առմամբ, ծրագիրը թույլ կտա հանրապետության ամբողջ տարածքում ունենալ միեւնույն մեթոդաբանությամբ աշխատող համայնքի սոցիալական աշխատողներ, որոնք, մոտ գտնվելով բնակչությանը, կօգնեն առավել արդյունավետ եւ թիրախավորված կերպով հասցեագրել խնդիրները», - ասել է նա:




























