Հայաստանի քաղաքական ղեկավարության ջանքերն ամբողջովին համաչափ են Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ Այս մասին դեկտեմբերի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ երկիրը պետք է բարձրացնի իր մարտունակությունը  եւ անվտանգության ապահովման մակարդակը։

Բացի այդ, Հայաստանը, նրա խոսքով, պետք է դիվանագիտական քայլեր ձեռնարկի միջազգային հանրության եւ իր դաշնակիցների ուշադրությունը տարածաշրջանում առկա խնդիրների վրա կենտրոնացնելու համար: «Հայկական դիվանագիտությունը պետք է բարձրացնի միջազգային հանրության եւ իր դաշնակիցների իրազեկվածությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասին», - ասել է Սաֆրաստյանը՝ նշելով, որ վերջին շրջանում միջազգային ասպարեզում Հայաստանի դերը բարձրացել է:

Սա, ըստ փորձագետի, պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջերս Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է շրջանակային համաձայնագիր համապարփակ եւ բազմակողմ գործընկերության մասին, միաժամանակ ավելացել է ՀԱՊԿ ուշադրությունը Հայաստանի հանդեպ, դա է վկայում ղարաբաղյան հակամարտության մասին կազմակերպության վերջին հայտարարությունը: