ՌԴ Քննչական կոմիտեն որոշում է ընդունել փակված Չերքիզովյան շուկայի նախկին տեր Թելման Իսմայիլովին սպանության համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հայտնում է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հատուկ կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունը Թելման Իսմայիլովին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է ընդունել, ով մեղադրվում է սպանության, զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քննության տվյալներով՝ Իսմայիլովը 2 ձեռներեցների՝ Վլադիմիր Սավկինի եւ Յուրի Բրիլեւի սպանությունները կազմակերպողն է, որոնք անցյալ տարի են կատարվել: Հանցագործության իրագործման ծրագիրը նա մշակել է իր եղբայրներ Ռաֆիկի եւ Վագիֆի հետ: Հանցագործության կատարողը Մեհման Քերիմովն է: 2016-ի մայիսի 15-ին Նովոռիժսկյան խճուղում Քերիմովը ատրճանակով գնդակահարել է 2 տուժողներին, որոնք ստացած վնասվածքներից մահացել են: Եղբայրների հետ պայմանավորվածության համաձայն՝ Ռաֆիկ Իսմայիլովը Քերիմովին հեռացրել է հանցագործության վայրից, որից հետո նրան օգնել են թաքնվել, ինչպես նաեւ թաքցնել հանցագործության գործիքը:
Ռաֆիկ Իսմայիլովը եւ Մեհման Քերիմովը ներկայումս կալանավորված են: Թելման եւ Վագիֆ Իսմայիլովների նկատմամբ հեռակա որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ինտերպոլով Թելման Իսմայիլովի միջազգային հետախուզումը կազմակերպելու համար համապատասխան նյութերն ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն:



























