Ադրբեջանի հետ նման համագործակցությունը բարոյական տեսանկյունից բացասական է ընդունվում թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին, իրանցի օրերս քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը արգելել է ցանկացած երկրի զինամթերք վաճառել Հայաստանին կամ Ադրբեջանին, մինչդեռ Ռուսաստանը վերջին 3-4 տարվա ընթացքում մոտ 6 մլրդ դոլարի զինամթերք է վաճառել Ադրբեջանին, Մասիս Մայիլյանը պատասխանել է.
«Որպես կանոն, արեւմտյան երկրները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք չեն մատակարարում:
Սակայն, Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենք է տրամադրում թե՛ Ադրբեջանին եւ թե՛ Հայաստանի Հանրապետությանը։ Ռուսաստանը նաեւ ՀՀ ռազմավարական դաշնակիցն է եւ նրան զենք է վաճառում ներքին գներով՝ ավելի ցածր, քան Ադրբեջանին:
Սակայն, հաշվի առնելով ՀՀ հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները, Ադրբեջանի հետ նման համագործակցությունը բարոյական տեսանկյունից բացասական է ընդունվում թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունում։
Ռուսաստանը դա բացատրում է նրանով, որ եթե իրենք զենք չվաճառեն, դա կանեն ուրիշները, եւ նշում, որ այդպիսի առեւտրային հարաբերություններ ունենալով Ադրբեջանի հետ՝ իրենք նաեւ փորձում են ռազմական հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում:
Կարելի է համաձայնել այդ մոտեցման հետ մի դեպքում, եթե Ռուսաստանը Ադրբեջանի միակ մատակարարը լիներ, այնինչ մենք գիտենք, որ մոտավորապես նույն գումարի չափով զենք եւ զինամթերք Ադրբեջանը գնել է Իսրայելից: Այլ մատակարարներից կարելի է նշել՝ Թուրքիան, Պակիստանը, Ուկրաինան, Բելառուսը:
Ադրբեջանը ռազմա-արդյունաբերական ոլորտում համագործակցում է նաեւ Հարավային Աֆրիկայի հետ: Իսկ վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ Ադրբեջանը ձեռք է բերել նաեւ չեխական արտադրության զենքեր»:




























