ԱԽ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ ամիբիոնից հայտարարեց, որ նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում, որը կքննարկի ժողովրդագրական միտումների խնդիրը եւ կփնտրի երկարաժամկետ լուծում։

ԱԺ հայտարարությունների ժամին, նա իր ելույթում մասնավորապես նշեց.

«Հաջողում են բոլոր այն պետությունները, որոնք գնահատում եւ լուծումներ են փնտրում ոչ թե տվյալ պահի խնդիրների համար, այլ այն խնդիրների, որոնք ժամանակի մեջ դժվարությամբ են մատնանշվում, բայց այդուհանդերձ մի օր, որպես ամբողջություն՝ ծանրանում են եւ թակում այս կամ այն պետականության դուռը:

Գաղտնիք չէ, որ ՀՀ համար այդ կարեւոր խնդիրներից է ժողովրդագրական միտումների խնդիրը, իրեն բնորոշ 3 պարամետրերով՝ բնական աճի ցուցանիշներով, միգրացիայի ցուցանիշներով, ինչպես նաեւ ուրբանիզացիայի ցուցանիշներով, որը մեծ մարտահրավեր է Հայաստանի համար»:

Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահն անդրադարձել է այս խնդրին եւ օբյեկտիվ գնահատելով իրավիճակը եւ կարեւորությունը՝ հանձնարարել է կառավարությանը մշակել ժողովրդագրության քաղաքականության հայեցակարգ գալիք ժամանակահատվածի՝ մինչեւ 2040 թվականի համար:

«Ժողովրդագրական միտումների բարելավման խնդիրը պետք է դիտարկել վերքաղաքական հարթությունում, քաղաքական հավակնություններից բարձր, եւ մենք որպես խորհրդարան պետք է մասնակցություն ունենանք խնդրի վերհանմանը:

Ես նախաձեռնում եմ աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում եւ ցանկանում եմ կոչով դիմել մեր բոլոր գործընկերներին՝ անկախ կուսակցական եւ ֆրակցիոն պատկանելությունից՝ մաս կազմել աշխատանքային խմբին, եթե կա մասնագիտական հետաքրքրվածություն եւ նաեւ մտահոգություն: Նաեւ ցանկանում եմ կոչով դիմել բոլոր փորձագետներին, ովքեր այս խնդրով են զբաղվում՝ ժողովրդագիրներ, ազգագրագետներ եւ այլն՝ եւս մաս կազմել այս աշխատանքային խմբին՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ հիմնախնդրի վերքաղաքական վերհանում՝ դիագնոզ եւ հնարավոր այլ ուղիների փնտրտուք, որը երկարատեւ կտրվածքով կարող է բերել ՀՀ-ում խնդրի լուծմանը»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Նա նշեց, որ աշխատանքային խումբն ունենալու էլեկտրոնային հասցե եւ բոլոր ցանկացող փորձագետները կարող են մինչեւ հունվարի 20-ն իրենց ցանկության մասին հայտնել այդ աշխատանքային խմբին: