Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական  միջոցառում զինհաշմանդամների համար:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանության նախարարության եւ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ինտեգրումը հասարակական կյանքին:

Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ եւ սեղանի թենիս մարզաձեւերում:

Մարզական միջոցառման ավարտին, տարբեր մարզաձեւերում հաղթող ճանաչված եւ մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պարգեւատրել է  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նրանց մաղթելով ոգու արիություն եւ առողջություն:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաեւ զինվորական ծառայության ընթացքում, տարբեր հանգամանքներում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովման խնդիրները ԶՈՒ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են եւ արվում է հնարավորը՝ օր առաջ այդ հարցերին լուծում տալու, զինհաշմանդամների սոցիալ-կենղաղային հոգսերը թեթեւացնելու համար: