2016-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 40 867 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցում, որտեղ ներկայացված է Հայաստանի սոցիալական վիճակը եւ կենսամակարդակը՝ 2008-2016 թթ. ժամանակահատվածում:

Ըստ այդմ, 2015թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 29.8 տոկոս էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,4 տոկոսային կետով:

2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 880 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295 000, ծայրահեղ աղքատները՝ 54 000:

2016թ. աղքատության խորությունը գնահատվել է 4.3%՝ 2008թ. 5.1%-ի համեմատ: 2016թ.-ին աղքատության սրությունը գնահատվել է 1.1 %՝ 2008թ. 1.4 %-ի համեմատ։

2016թ. ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ. մակարդակը 0.2 տոկոսային կետով, իսկ աղքատության վերին գծում աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով բարձր է եղել 2008-ի համեմատ: Միաժամանակ, ճգնաժամից հետո շատ աղքատների մակարդակը, 2008 թ. համեմատ, իջել է 2.8 տոկոսային կետով:

Աղքատությունն ըստ քաղաքային (28.8 %) եւ գյուղական (30.4%) բնակավայրերի չի տարբերվում էականորեն: 2016թ.-ին քաղաքային եւ գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը ավելի բարձր է եղել 2008թ.-ի համեմատ, համապատասխանաբար՝ 1.2 եւ 2.9 տոկոսային կետով: Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է (24.9%). այն 1.3 անգամ ավելի ցածր է, քան Երեւանից դուրս՝ այլ քաղաքային բնակավայրերում:

2016թ.-ին աղքատության մակարդակի աճը Երեւանում 2008թ.-ի համեմատ կազմել է 4.8 տոկոսային կետ, իսկ Երեւանից դուրս՝ այլ քաղաքային բնակավայրերում, աղքատության մակարդակը, մնալով ամենաբարձրը, այնուամենայնիվ 2.6 տոկոսային կետով իջել է: Հայաստանի բոլոր աղքատների 62.4 տոկոսը քաղաքաբնակներ են:

2016 թվականին հարցվածների 16.6%-ն իրեն համարել է աղքատ: Իրեն ծայրահեղ աղքատ է համարել 1.4%-ը, ինչը շատ մոտ է մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (1.8%): Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` աղքատ (ներառյալ ծայրահեղ աղքատ) է իրեն համարել բնակչության 16.6%-ը, ինչը ցածր է 2008 թ. մակարդակից (17.0%):

Նշենք, որ 2016թ.-ին աղքատության վերին, ստորին եւ պարենային գիծը մեկ ամսվա համար եղել է համապատասխանաբար 40 867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար), 33 418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար) եւ 23 313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար):