Եթե ՊՆ-ն դեմ է փողով բանակից ազատվելուն, ինչո՞ւ է զինծառայություն չանցած եւ հետախուզման մեջ գտնվողների համար գումարի շեմը բարձրացնում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում  «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Բոլորս հասկանում ենք, որ այսպես շարունակել չի կարելի. այն, որ ունենք հետախուզման մեջ գտնվող 11 հազար երիտասարդ, դա փաստ է: Պաշտպանության նախարարն այս ամբիոնից ասել է, որ այնքան էլ բարոյական չէ փողով բանակից ազատումը եւ այս համակարգը պետք է հանվի, բայց ինձ համար հասկանալի չէ, որ հիմա Պաշտպանության նախարարությունն ասում է, թե փողը քիչ է, եկեք փողն ավելացնենք: Եթե դուք դեմ եք փողով բանակից ազատմանը, հիմա ինչո՞ւ եք բարձրացնում անհրաժեշտ վճարվելիք գումարի շեմը»,- նշեց Մարուքյանը:

Ըստ նրա՝ լավ օրից չէ, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ դրսում են, եւ այնպես չէ, որ այնտեղ շատ լավ են ապրում ու կարողանալու են այդ գումարները վճարել:

«Ճիշտ է, որ հիմա բարձրացվի այդ գումարը, նրանք կվճարեն եւ քրեական հետապնդումը կդադարեցվի, պահեստազորում կհաշվառվեն։ Ես մի առաջարկ ունեմ՝ քննարկեք. այս 11 հազար ՀՀ քաղաքացիների համար մենք պետական մոտեցում ունենանք: Ասենք` պետությունը ձեզ ներում է, փող մեզ պետք չէ, եկեք ձեր երկիր, դադարեցնում ենք քրեական հետապնդումը, փակում ենք գործերը: Թող գան էդ 11 հազարը ՀՀ, այս օրենքը դադարեցնենք այլեւս չերկարաձգենք: Մենք ավելի շատ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, քան փողի: Մենք այդ երիտասարդների կարիքն ունենք, ես խնդրում եմ, պարոն փոխնախարար, քննարկման առարկա դարձնել այս առաջարկությունը»,- ասաց «Ելք»-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նախագծի համաձայն՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով, գործողության ժամկետը երկարաձգելով՝ հնարավորություն է ընձեռվում 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, որոնց 27 տարին լրանում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ՝ ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից եւ անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: