2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած զորակոչիկ Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել, սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել է զինծառայության մեկնելուց:
Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, որոնք հակասական տվյալներ են պարունակում, Վ. Հ.-ն հերթական անգամ ԿԲՀ նիստի է ներկայացվել 2017 թ. հուլիսի 25-ին եւ կրկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվել:
Այդ որոշմամբ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ. Հ.-ի՝ տարբեր ժամանակահատվածներում իրականացված հետազոտությունների արդյունքները հակասում են միմյանց: Այդ հակասությունների առկայությամբ զորակոչիկը պետք է ուղեգրվեր այլ հետազոտությունների, եւ միայն դրանց արդյունքների հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովը կարող էր զորակոչիկի պիտանիության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել:
Վ. Հ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի՝ ՀՀ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին ուղղված բողոքի հիման վրա՝ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը հանձնարարել է ուսումնասիրել Վ. Հ.-ի առողջական վիճակն ու 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կրկին ներկայացնել ԿԲՀ նիստին:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վերադասությամբ եւ ներկայացված բողոքը բավարարվել է` Վ. Հ.-ի պաշտպան Ս. Սողոմոնյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` Վ. Հ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է միջնորդությունը՝ պնդելով, թե Վ. Հ.-ի առողջական խնդիրների դեպքում վերջինս ենթակա է զորակոչման, եւ նա խուսափել է զինծառայությունից: Այնինչ՝ Վ. Հ.-ն պարզապես օգտվել է իր վերաբերյալ կայացված որոշումը բողոքարկելու իրավունքից, եւ նրա առողջական վիճակը դեռեւս պետք է ուսումնասիրվի:
Միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկվել է Լոռու մարզի կայազորային զինվորական դատախազություն: Սակայն զինվորական դատախազությունն էլ, պատշաճ չուսումնասիրելով ներկայացված բողոքը, մերժել է այն եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն կներկայացվի նաեւ դատարանին:



























