Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի հիման վրա Փաստաբանների պալատի խորհուրդը նախօրեին կարգապահական պատասխանատվության ենթարկեց փաստաբան Մուշեղ Շուշանյանին:
Ոստիկանապետն այս տարվա հուլիսին դիմել էր Փաստաբանների պալատին՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Մուշեղ Շուշանյանին, քանի որ ըստ նրանց, «Ազատության» հետ զրույցում փաստաբանը, մեկնաբանելով «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողությունները, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ:
Մուշեղ Շուշանյանը երեկ հրավիրված նիստի ընթացքում տարբեր հարցադրումներ արեց՝ ուղղված եւ Խորհրդի անդամներին, եւ դիմող կողմին՝ ոստիկանության իրավաբանական վարչության պետին, սակայն, դրանց այդպես էլ հստակ պատասխան չստացավ:
Նախ, Մուշեղ Շուշանյանը ներկայացրեց գրավոր արված միջնորդությունը, որով պահանջում էր Խորհրդի անդամներից եւ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանից տրամադրել տեղեկատվություն, թե նախկինում ոստիկանության դիմումների համաձայն քանի կարգապահական վարույթ է հարուցվել, քանիսով է փաստաբանը տույժի ենթարկվել: Նիստը նախագահող Տիգրան Խուրշուդյանը հայտարարեց՝ Խորհուրդը տեղեկատվություն տրամադրելու լիազորություն չունի եւ հորդորեց դիմել Փաստաբանների պալատին:
Պարզվեց, որ Շուշանյանն արդեն այդ հարցով դիմել էր նաեւ Պալատի նախագահին եւ պատասխան ստացել աշխատակազմի ղեկավարից, թե նման տեղեկատվություն իրենք չունեն:
«Արձանագրենք, որ Փաստաբանների պալատի նախագահն ու Խորհուրդը խուսափում են տեղեկատվություն տրամադրել»,- հայտարարեց Մուշեղ Շուշանյանը:
Այնուհետեւ փաստաբանը ներկայացրեց իր հաջորդ գրավոր միջնորդությունը. նա պահանջել էր Խորհրդի անդամներին ներկայացնել տեղեկատվություն, թե որքանով են իրենք կոմպետենտ նման գործ քննելու համար: Խորհրդի անդամները, սակայն, հրաժարվեցին ներկայացնել տեղեկատվություն, իսկ Տիգրան Խուրշուդյանն էլ հայտարարեց, որ այս հարցը քննարկման ենթակա չէ:
«Մասնագիտական ձեռնահասության հիմքով Խորհրդի բոլոր անդամներին առանց բացառության բացարկ եմ հայտնում եւ ժամանակ եմ ուզում՝ միջնորդությունս գրավոր ներկայացնելու համար»,- ասաց փաստաբանը:
Խորհուրդը մերժեց միջնորդությունը եւ շարունակեց նիստը: Մուշեղ Շուշանյանը փորձեց միջնորդությունը ներկայացնել բանավոր, սակայն, նրան թույլ չտվեցին եւ որոշեցին անցնել գործի քննությանը:
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արկադի Մարգարյանը ներկայացրեց իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
«Փաստաբանի կողմից հնչեցվել են արտահայտություններ, որոնք իրենց բովանդակությամբ ուղղակիորեն վիրավորում են ոստիկանության բարեվարքությունը»,- ասաց նա:
Խորհրդի անդամներից Մելանյա Առուստամյանը հետաքրքրվեց՝ կոնկրետ որ արտահայտությունների մասին է խոսքը: Արկադի Մարգարյանն արձագանքեց. «Հետեւյալ արտահայտությունները՝ «ոստիկանությունն օրենքից դուրս գործող մարմին է», «Ոստիկանությունը զինված հրոսակախումբ է, որը պատրաստ է կատարել ցանկացած հանցավոր հրաման»: Սույն ձեւակերպումներն ուղղակի անթույլատրելի են»:
Մուշեղ Շուշանյանը մանրամասն ներկայացրեց Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասն ու դիմեց ոստիկանության ներկայացուցչին՝ հետաքրքրվելով, թե կոնկրետ ինչն է խախտվել: Արկադի Մարգարյանը խուսափողական պատասխան տվեց. «Ոստիկանությունը սահմանադրական նորմի պարզաբանմամբ չի զբաղվում, որեւէ մեկնաբանություն տալ չեմ կարող, որովհետեւ Ձեր ասածը որեւէ աղերս չունի մեր՝ դիմելու իրավունքի հետ»:
Հիշյալ հոդվածին վերաբերող այլ հարցերին Արկադի Մարգարյանը հրաժարվեց պատասխանել՝ այդպես էլ չնշելով, թե որ հիմքով է ոստիկանապետը փորձում սահմանափակել փաստաբանի ազատ արտահայտվելու իրավունքը:
Փաստաբանի հարցին՝ ինչո՞ւ ոստիկանապետը չի դիմել դատարան, Արկադի Մարգարյանը պատասխանեց, որ դա «փիլիսոփայության դաշտից է», հետեւաբար, մեկնաբանել չի կարող:
«Միգուցե ոստիկանապետի համար Փաստաբանների պալատի խորհուրդը կամայական քմահաճույքի կատարման համար ավելի՞ հարմար է»,- հակադարձեց փաստաբանը, ինչից հետո Խորհրդի անդամները բորբոքվեցին եւ հորդորեցին ըստ էության խոսել:
«Ես Պալատի խորհուրդը չեմ համարում անաչառ դատարան, սա արտակարգ դատարան է: Ելքն ի սկզբանե կանխորոշված է, երբ Պալատի նախագահը վարույթ հարուցեց եւ ուղարկեց Խորհուրդ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը եւ հեռացավ նիստերի դահլիճից:
Նիստը նախագահող Տիգրան Խուրշուդյանը հրապարակեց գործով գրավոր ապացույցները, այնուհետեւ հայտարարեց գործի քննության ավարտի մասին: Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից շուրջ 30 րոպեից վերադառնալով՝ Մուշեղ Շուշանյանին ենթարկեց կարգապահական պատասխանատվության՝ պարտավորեցնելով 6 ամսվա ընթացքում մասնակցել դեոնթոլոգիայի դասընթացի՝ 6 ժամ:




























