Երեւանի «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով վկան Հայաստանի Հանրապետությունից հեռացել է: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վկա Արտավազդ Մանուկյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, սակայն, պարզվել է, որ վկան լքել է ՀՀ տարածքը:

Վկայի բնակության վայր մեկնած ոստիկանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ Արտավազդ Մանուկյանի կինն հաղորդել է, որ վերջինն արդեն մեկ տարի Ռուսաստանի Դաշնությունում է, թե երբ է վերադառնալու, տեղեկություններ չկան:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: