«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթրակված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկմանը ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում հայտարարեց, որ դատողություններ են հնչում, որ իր գոյության հետ անհամատեղելի են:

«Օրինակ, երբ ասում են՝ արդյոք մեզ պե՞տք է նման օրենք, ասում են սպանություններն ընդամենը 8-10 տոկոս են տեղի ունենում ընտանիքներում: Միայն այդ «ընդամենը» բառը լսելիս ես հասկանում եմ, որ հասարակության մեջ խորքային խնդիր ունենք: Եթե ինչ-որ մեկը ընտանիքում ամուսնու կողմից կնոջ սպանությանը վերաբերվում է որպես «ընդամենը» ինչ-որ մի թվի, ես կարծում եմ՝ որ այդ դեպքում՝ օրենքը չի օգնի, անհրաժեշտ է մտածելակերպ փոխել նման երեւույթների նկատմամբ:

Հաճախ եմ լսում՝ լավ, իսկ ի՞նչ էր արել: Այսինքն կան դեպքեր, որ կարելի՞ է բռնություն կիրառել: Այո, նման դեպքում օրենքը չի փրկի, սակայն եթե կարող է գոնե մի կնոջ օգնել, ուրեմն այն անհրաժեշտ է: Այս խնդիրը ունի լուրջ լատենտայնություն. երբ քո մտերիմ մարդն է բռնություն կիրառում, այո, իսկապես դժվար է այդ մասին բարձրաձայնելը, համարձակություն պետք է ունենալ, ամոթի զգացում կա»,-ընդգծեց Թանդիլյանը: