ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Սանատուլա Բեկենովին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարայանը ողջունել է Սանատուլա Բեկենովին եւ նշել, որ տնտեսական հարաբերությունների համատեքստում մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել։

Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար եւ համաձայնել, որ երկու բարեկամ ժողովուրդները տնտեսական կապերը զարգացնելու մեծ հնարավորություններ ունեն։

Նախարար Կարայանը Սանատուլա Բեկենովի հետ քննարկել է համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման, ինչպես նաեւ դեպի երրորդ երկրներ արտահանման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի միջեւ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ դրանց իրականացման ընթացքին։

Նախարար Կարայանը նշել է, որ հայկական կողմն արդեն իսկ ձեւավորել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ուզբեկական կողմի հետ համատեղ կուսումնասիրի այն ոլորտները եւ ուղղությունները,  որտեղ կարելի է զարգացնել տնտեսական համագործակցությունը։ Կողմերը  քննարկել են նաեւ թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։

Ուզբեկական կողմը նշել է, որ Հայաստանի արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը կարող է լավ օրինակ հանդիսանալ, նաեւ ընդգծել է տարբեր ոլորտնում փորձի փոխանակման կարեւորությունը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաեւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործակցության հնարավորությունները։