Հարյուրավոր պաղեստինցիներ դուրս են եկել Գազայի փողոցներ՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հայտարարության դեմ բողոքի, որի համաձայն՝ ԱՄՆ–ն Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք եւ պլանավորում է դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, փոխանցում է AP–ը։

Բողոքի ցույցերը կազմակերպվել էին պաղեստինյան տարբեր խմբավորումների կողմից, որոնք Պաղեստինի միասնականության կոչ էին անում՝ ի պատասխան Թրամփի ակնկալվող հայտարարության: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշները, թափահարել են Պաղեստինի դրոշը եւ Երուսաղեմը «մեր հավերժ մայրաքաղաքն է» կարգախոսով ցուցանակներ պահել ու այն «կարմիր գիծ »անվանել:

ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին բողոքի մեծ ցույցերի կոչ է արել:  ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սալահ Բարդավիլն ասել է, որ պաղեստինցիներն այսօր  «գտնվում են վտանգավոր խաչմերուկում. մենք կմնանք կմեռնենք»: Նա հավելել է, որ «Թրամփը կամ այլ ոք, ով մտածում է, որ մեր մարդիկ, ժողովուրդն ու դիմակայությունն ի վիճակի չեն խանգարել նրա ծրագրերին՝ սխալվում են»: