Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործով նիստին այսօր` դեկտեմբերի 7-ին, ամբաստանյալներից Էլզա Զաքարյանի շահերի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին: Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի իրադրության փոփոխման հիմքով: Նա նշեց, որ իր պաշտպանյալը երեք ամիս առաջ մայր է դարձել, նա հանցանքը գործել է երեխայի ծնվելուց 10 ամիս առաջ, չի կարող հանրորեն վտանգավոր անձ համարվել, բացի այդ Էլզա Զաքարյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Պաշտպանական կողմը նշեց, որ դատարանը միջնորդության վերաբերյալ քննարկումը պետք է հետաձգի եւ դրան անդրադառնա վերջնական դատավճիռ կայացնելիս: Պաշտպանական կողմի խոսքով` ներկայացված միջնորդությունը վաղաժամ է եւ կարող է ազդել Իշխան Բարսեղյանի դատավճռին:
Մեղադրողը եւս առարկեց ներկայացված միջնորդությանը:
Դատարանը նշեց, որ միջնորդության քննարկումը ենթակա է հետաձգման եւ դրան կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմեբրի 14-ը:
Նշենք, որ այսօրվա նիստին պետք է ցուցմունք տար Իշխան Բարսեղյանը, սակայն, նա հրաժավեց, բացի այդ ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել մեղադրողի եւ դատարանի հարցերին:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:




























