Վերջին 60 տարիների ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին պաշտոնական այցը Հունաստան լավագույնս չի սկսվել։ Լարվածության պատճառը Թուրքիայի նախագահի հայտարարություններն էին այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել Լոզանի պայմանագիրը, հայտնում է AP–ը։
Հունական հեռուստաալիքին տված մեկնաբանություններից հետո Հունաստանի կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Էրդողանի դիրքորոշումը լուրջ խնդիրներ եւ հարցեր է առաջացնում, եւ նշել էր, որ Հունաստանի կառավարությունը եւ վարչապետն ուզում են, որ նրա այցը դառնա կամուրջների, այլ ոչ թե պատերի կառուցման պատճառ։
Այդուհանդերձ Էրդողանը կրկնել էր իր հայտարարությունը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպման ժամանակ։ «Ինչ եղել է Լոզանում, մնացել է Լոզանում։ Շատ բան է փոխվել 94 տարում։ Եթե մենք վերանայենք դա, ես հավատում եմ, որ բոլոր կողմերը կհամաձայնեն, որ շատ բան պետք է փոխվի»։
Սակայն Պավլոպուլոսը հստակ հասկացնել էր տվել Էրդողանին, որ պայմանագիրը վերանայման կամ թարմացման կարիք չունի, այն գործում է այնպես, ինչպես որ կա։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ «սխալները» հանգեցրել են Թուրքիայում հունական համայնքի թվի կրճատմանը, հույների մեծ մասը փախել է երկրից տասնամյակներ շարունակվող հալածանքներից եւ սպանություններից հետո։ «Մենք պետք է այդ սխալները պատմության գիրկն ուղարկենք։ Մենք պետք է ապագան ամուր հողի վրա կառուցել»,– հայտարարել է Էրդողանը։
Ցիպրասը նշել է, որ Հունաստանն ուր Թուրքիան հին տարաձայնություններ ունենհ։ «Մենք ընդհանուր տեսակետ ենք փնտրում, եւ տարաձայնությունները կառուցողական մթնոլորտում են քննարկվում, առանց սադրանքների եւ չափազանցությունների»,– ասել է նա։




























