ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Կարմելո Աբելային` Մալթայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը։

Նախարարներն անդրադարձել են առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորություններին, քննարկել մշակութային փոխանակումների խթանման ուղիները։

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լավ հիմք է Հայաստանի եւ Եվրամիության, անդամ երկրների միջեւ համագործակցության համար:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը եւ Կարմելո Աբելան ստորագրել են Հայաստանի եւ Մալթայի կառավարությունների միջեւ Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը։