Նախկին կնոջը ծեծելու մեջ մեղադրվող տղամարդը տուգանվեց 100 հազար դրամով: Նման դատավճիռ է կայացրել Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Բալաբեկը սեպտեմբերի 1-ին գնացել է նախկին կնոջ տուն եւ բջջային հեռախոսով հաղորդագրությամբ իրեն վիրավորելու պատճառով ծեծել նրան:

Դատարանում պարզ է դարձել, որ նախկին ամուսինների միջեւ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ կինը որոշել է փոխել երեխայի ազգանունը: Ըստ գործում առկա ապացույցների, կինը նախկին ամուսնուն հաղորդագրությամբ հայտնել է, որ պատրաստվում է այդ օրը փոխել երեխայի ազգանունը, ինչից հետո ամուսինը բարկացած գնացել է նրանց տուն եւ ծեծել նախկին կնոջը:

Դատարանը Բալաբեկին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ դատապարտել տուգանքի՝ 100 հազար դրամի չափով: