Հարկային նոր օրենսգրքով նախատեսված է 33 բովանդակային փոփոխություն, որոնցից մեկը վերաբերում է շահաբաժինների հարկման համակարգին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ-ն քննարկելու է դեկտեմբերի 12-ին մեկնարկող իր արտահերթ նիստում:

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է օտարերկրացիներին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնք ստանում են շահաբաժիններ. «Առաջարկվել է հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, օտարերկրացիների համար՝ 2017-ի հունվարի 1-ից, իսկ ՀՀ քաղաքացիների համար՝ 2018-ի հունվարի 1-ից հետո ստացված շահաբաժինները:

Մենք ասում ենք՝ եկեք հարկենք այն շահաբաժինները, որոնք բաշխվել է 2017-ի հունվարի 1-ից եւ 2018-ի հունվարի 1-ից, որպեսզի դրանից առաջ կուտակված շահաբաժինները չհարկվեն՝ եկամտային հարկով: Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը չէր բաշխվել տարիներ ի վեր, որպես կուտակված շահույթ էր առկա, օրենսգրքի գործող խմբագրությամբ կարող էր հարկվել եկամտային հարկով»:

Փոխնախարարի խոսքով՝ մեկ այլ փոփոխություն վերաբերում է շահութահարկի նվազագույն շեմ սահմանելուն: Նա հիշեցրեց, որ 2004-2014 թվականներին կար նվազագույն շահութահարկ վճարելու պարտականություն, որից պետությունը հրաժարվել է 2014-ի հունվարից. «Մենք հնարավորություն տվեցինք այդ 10 տարիներին եղած գերավճարներն ուղղել հաջորդ տարիներին առաջանալիք հարկային պարտավորությունների մարմանը: Այդ հարցում կար ժամանակային սահմանափակում, հիմա այդ սահմանափակումը հանում ենք: Վերականգնում ենք այն նորմը, որ հարկ վճարողները կարող են օգտագործել իրենց գերավճարներն առանց ժամկետային սահմանափակման»:

Դավիթ Անանյանը նշեց, որ մեկ այլ փոփոխություն վերաբերում է ներգնա տուրիզմին: Նոր փոփոխությամբ, ներգնա տուրիզմի համար 3 տարով վերականգնվում է ԱԱՀ-ի գծով արտոնությունը, այսինքն այդ ոլորտում տնտեսվարողները 3 տարի չեն վճարի ավելացված արժեքի հարկ. «Այդ ընթացքում կտեսնենք, թե ինչ արդյունք է տվել այդ արտոնությունը»: