Լրագրող Նարինե Կիրակոսյանի՝ բրնձի տհաճ հոտի եւ պամելոյի մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույն օրը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ եւ տեղում նմուշառում կատարել առկա բրնձի խմբաքանակից: Այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության. մինչ այդ՝ խանութում եղած ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:
Միաժամանակ, Ծառայությունը, հետագծելիությունն ապահովելու նպատակով, դիտարկում է իրականացրել նաեւ ներմուծող կազմակերպությունում՝ «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ում: Պահեստից հայտնաբերվել է 130 կգ բրինձ, որից նույնպես նմուշ է ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Այս խմբաքանակի իրացումը եւս կասեցվել է՝ մինչեւ արդյունքների պարզ լինելը:
Ծառայությունը նաեւ հավաստիացել է, որ այս ապրանքատեսակն ուղեկցվել է ԵՏՄ համապատասխանության հայտարարագրով:
Փորձաքննության է ուղարկվել նաեւ նույն փողոցի 25/5 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետում վաճառվող պամելոներից նմուշ. արդյունքները կհրապարակվեն:




























