Լոռու մարզում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կեսօրից հետո ուժեղ քամու պատճառով Տաշիր քաղաքի14-րդ թաղամասում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով ոչ երթեւեկելի:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ուժեղ քամուց մեծ վնաս է կրել նաեւ Անտառային փողոցի թիվ 1 տան տանիքը:
Քամու հետեւանքով առաջացած արտակարգ պատահարների մասին ահազանգը Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 15:40 րոպեին:
Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատի տղաները:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետեւանքով ամբողջությամբ ՝ մոտ 130 քմ-ի չափով, վնասվել է Վոլոդյա Սեդրակյանին պատկանող Անտառային փողոցի թիվ 1 տան տանիքը:
Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը եւ հեռացրել ճանապարհից, այն դարձնելով երթեւեկելի ու անվտանգ՝ երթեւեկության համար:
Հասցված վնասի չափերը պարզելու համար Տաշիրի համայնքապետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Քամին չի շրջանցել նաեւ Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը. Գորկի փողոցի թիվ 100 շենքում տեղակայված ՀՓՋ-ի տանիքը վնասվել է մասնակի՝ մոտ 15 քմ-ի չափով:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























