Եթե ՌԴ նախագահական ընտրությունները կայանան այս կիրակի, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պատրաստ է պաշտպանել ռուսաստանցիների 2/3-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով «Հասարակական կարծիք» ֆոնդի հարցման արդյունքները։
Հարցվածների 68 տոկոսն ասել է, որ կքվեարկեր Պուտինի օգտին, եթե այս կիրակի ընտրություններ կայանային, նրա էլեկտրոնային վարկանիշը նոյեմբերի վերջին–դեկտեմբերի սկզբին կայուն է եղել այդ ցուցանիշի սահմաններում։
Լիբերալ–դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգտին պատրաստ է քվեարկելու հարցվածների 7 տոկոսը, իսկ Կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի օգտին՝ 4 տոկոսը։ Նրանց վարկանիշները նույնպես կայուն են եղել նոյեմբերին։
Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին դեռ պատրաստ է աջակցել հարցվածների 1 տոկոսը։ «Յաբլոկո»–ի հիմնադիրներից Գրիգորի Յավլինսկու օգտին նույնպես պատրաստ է քվեարկել մեկ տոկոսը։
Հարցումն իրականացվել է ՌԴ 207 բնակավայրերում 3 հազար բնակիչների շրջանում։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2018-ի մարտին։




























