Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օրերս տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի: NEWS.am-ը քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի։

38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, ավտոմեքենայի մակնիշը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1986թ., ինչպես նաեւ՝ ավտոմեքենայի ղեկին գտնված անձի ինքնությունը, ով եւս Երեւանի բնակիչ է՝ ծնված 1994թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նշված քրեական գործով Արշակ Գալստյանի սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Երեւանի բնակիչը, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: