Արգենտինայի «Սան Խուան» սուզանավի որոնման հիմնական տարածքը սուզանավի երթուղու ուղղությամբ կընդլայնվի: Այս մասին հաղորդել է երկրի ՌԾՈՒ ներկայացուցիչ Էնրիկե Բալբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս նախատեսվում է ընդլայնել որոնման տարածքը, որտեղ հայտնաբերման մեծ հավանականություն կա`դեպի հյուսիս, ուր սուզանավը ուղեւորվում էր», - ասել է նա:
Բալբին նշել է, որ վերջին օրերին որոնման տարածում հայտնաբերվել է եւս երկու օբյեկտ, որոնք խորտակված ձկնորսական նավակներ են եղել: Ընդ որում որոնումը դժվարանում է տարածքի մեծության պատճառով.
«Նույն է՝ 6սմ երկարությամբ ծխախոտ փորձել գտնել ֆուտբոլի դաշտում», - ասել է նա:
Բալբին վստահեցրել է, որ Արգենտինան մտադիր է շարունակել գործողությունը «մինչեւ բոլոր միջոցները, այդ թվում, միջազգային օգնությունը, սպառվեն»:
Ներկայումս գործողությանը մասնակցում են Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Չիլիից եւ Միացյալ Թագավորությունից մասնագետներ եւ տեխնիկա:
Դիզելաէլեկտրական «Սան Խուան» սուզանավը, որում անձնակազմի 44 անդամ կար, նոյեմբերի 15-ից դադարել է կապ հաստատել:
Սուզանավի որոնումները սկսվել էին նոյեմբերի 16-ի երեկոյան: Անցյալ հինգշաբթի՝ նոյեմբերի 30-ին, Արգենտինայի նավատորմը հայտնել էր անձնակազմի փրկարարական աշխատանքների ավարտի մասին:




























