Ճիշտ չեմ համարում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության գնահատականը բացառապես պաշտոնյաների կալանավորման դեպքերի քանակով, դինամիկայով կամ պաշտոնի աստիճանով պայմանավորելը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, ասվածը բնավ կոռուպցիայում ներգրավվող պաշտոնյաներին անխուսափելի պատասխանատվությունից ձերբազատելու ուղերձ չի նշանակում. «Պարզապես այս երեւույթի դեմ պայքարը շատ ավելի լայն ու համակարգային մոտեցում է պահանջում: Պատժելուց բացի, իսկ միգուցե նաեւ առաջ, եթե կուզեք կանխարգելելու, իսկ արդեն կատարվածը բացահայտելու եւ պատժելու համար պետք է կիրառել դրական օրինակները հանրային խրախուսանքի առարկա դարձնելու մեխանիզմներ:

Խրախուսել բաց, թափանցիկ, հաշվետվողական գործունեության, պաշտոնատար անձանց կողմից իրենց գույքը, եկամուտներն  ու ֆինանսական շարժերը հրապարակային դարձնելու դրսեւորումները, անհրաժեշտության դեպքում պետք է սովորեցնել, կրթել, աշխարհայացք փոխել, խորացնել առկա բացասական կարծրատիպերը ջարդելու միտումները, քաջալերել կոռուպցիոն փաստերի տիրապետող քաղաքացիների՝ ազդարարման ինստիտուտից օգտվելու ներքին ցանկությունը եւ դրա համար որեւէ տեսակի հետապնդումից, հալածանքից երաշխավորված լինելու ներքին համոզմունք ձեւավորել»:

Մինչդեռ, ըստ գլխավոր դատախազի, քիչ չեն դեպքերը, երբ ստվեր է նետվում կոռուպցիոն հանցագործությունները բացահայտող օղակների, մարմինների նկատմամբ՝ մտացածին, իսկ երբեմն բոլորիս համար հասկանալի նեղ անձնական կամ խմբակային շահեր սպաարկող, խեղաթյուրող նպատակներով:

«Հրաժարվում եմ հասկանալ այն շահագրգիռ հանրային, հատկապես մասնագիտական շրջանակներին, որոնք թեեւ տեսնում ու կիսաձայն խոստովանում են կոռուպցիայի դեմ համակարգային պայքարին ուղղված քայլերը կամ դրանցում նկատում են այդ պայքարի արդյունավետության բարձրացման նախադրյալներ, սակայն շարունակում են զարգացնել դրանց նկատմամբ անվստահություն սերմանող տրամադրությունները, առաջին պլան մղել բացառապես նեգատիվ երեւույթները եւ դրանց շուրջ հանրային տրամադրություններ բորբոքել, ինչն ինքնին արդեն բավական է վնասելու համար իրականացվող նախաձեռնությունների նկատմամբ հանրային վստահության գոնե բավարար մակարդակի ձեւավորումը:

Ոչ ոք չի ժխտում, որ այս իմաստով  առաջին հերթին իրավապահ մարմիններն անելիք ունեն՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրականացումն ամեն օր ապահովելու առումով»: