Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում անցած տարվա համեմատ Գլխավոր դատախազությունը շոշափելի աճ է արձանագրել գրեթե բոլոր բաղադրիչներով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ բերելով միչ քանի տվյալներ:
«2017թ. առաջին 9 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել առերեւույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով 87 գործ՝ 142 անձի վերաբերյալ: 2016թ. նույն ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ընդամենը 65 գործ՝ 128 անձի վերաբերյալ. աճը կազմել է 22 գործ, 14 անձ:
2017թ. դատարաններում քննված քրեական գործերից 54-ով 71 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 2016թ.՝ 47 գործով 59 անձի վերաբերյալ: Այսինքն՝ նման գործերն ավելացել են 7-ով, դատապարտված անձանց թիը՝ 12-ով:
Էականորեն աճել են պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքերը: Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիոն հանցագործություններն ունեն պաշտոնական գրանցումից գաղտնի մնալու, այսինքն լատենտայնության բարձր մակարդակ եւ այս տեսանկյունից նման դեպքերի աճը միայն կամ հիմնականում պայմանավորված է իրավապահ մարմինների գործադրած հետեւողական ջանքերով:
Տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկվող սուբյեկտների կազմը, ինչի մասին են վկայում քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար եւ առեւտրային կազմակերպությունների ղեկավար, ծառայողական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին մեր կողմից հրապարակված վերջին տվյալները»,-ասաց նա:




























