Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբ՝ գազի սակագների բարձրացման հետեւանքով Հայաստանում գազի սպառումը 2010 թ. նախորդ տարվա համեմատ նվազել է 15-20 տոկոսով։ Հաշվի առնելով բավական տաք դեկտեմբերը՝ հնարավոր է գազի սպառման ծավալներն ավելի նվազեն։

Ա. Մովսիսյանը հավաստիացրեց, որ ձեռնարկվում են միջոցներ՝ 2011 թ. գազի սակագինը անփոփոխ թողնելու համար։

Նշենք, որ «Գազպրոմը» սեպտեմբերին հայտարարեց այն մասին, որ Բելառուսի, Մոլդովայի եւ Հայաստանի գազամատակարարումը պետք է իրականացվի շուկայական հիմունքներով։ Գազի շուկայական գինը տատանվում է 300 դոլարի սահմաններում՝ 1000 խմ-ի դիմաց, իսկ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 180 դոլարով։

Հայաստանում գազի սպառման ծավալների նվազմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ այս տարվա ապրիլի 1-ին էլեկտրաէներգիայի սակագինը չփոխվեց։ Դրա հետեւանքով էներգետիկայի հաշվեկշռում էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը ավելացավ, իսկ գազինը՝ պակասեց։ Այսպես՝ 2010 թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում ավելացել է 15 տոկոսով եւ կազմել 6,5 մլրդ կվտ/ժամ։ Ըստ Ա. Մովսիսյանի՝ էլեկտրէներգիայի սակագնի պահպանմանը նպաստեց նաեւ Երեւանի ՋԷԿ-ի նոր տուրբինի գործարկումը, որը թույլ է տալիս էլեկտրաէներգիան արտադրելիս գազի ծախսը նվազեցնել մոտ 3 անգամ։