Վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ բեկանել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մերսման սրահներից մեկում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով դատավճիռն ու մերսման սրահի տնօրենին դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Այս գործով վերաքննիչ բողոք էր ներկայացրել մեղադրողը: Նա պահանջել էր բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ ամբաստանյալ Քրիստինեի Սարգսյանի վերաբերյալ կայացված դատավճիռն ու Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը ճանաչել անթույլատրելի և որպես պատիժ նշանակելով ազատազրկում` 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Քրիստինեն ընդունել էր իր մեղավորությունն ու միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել էր միջնորդությունն ու դռնփակ դատական նիստում Քրիստինեին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ 1 տարի ժամկետով զրկելով ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքից։ Դատարանը վճռել էր նաեւ պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Վերաքննիչը, սակայն, վճռել է պատժի պայմանականորեն չկիրառումն անթույլատրելի ճանաչել եւ Քրիստինեին դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրանքի՝ Քրիստինեն 2016թ.-ին ստեղծել է մերսման սրահ, որի աշխատակիցները զբաղվել են պոռնկությամբ, իսկ ինքն էլ ստացել գույքային օգուտ:




























