ԱՄՆ հաղորդակցությունների դաշնային հանձնաժողովը (FCC) չեղարկել է «ցանցային չեզոքության» սկզբունքը, որը համացանցի մատակարարներին պարտավորեցնում էր հավասար վերաբերել ցանկացած թրաֆիկի, հաղորդում է «Մեդուզան»:

Հանձնաժողովում իրենց  որոշումը անվանել են «Համացանցում ազատության վերականգնմանն» ուղղված գործողություն: Երեք մարդ քվեարկել է այն սկզբունքը վերացնելու օգտին, երկուսը՝ դեմ:

2015 թվականի փետրվարին FCC-ն ամրագրել էր «ցանցային չեզոքության» սկզբունքը: Այս նորարարության օգտին, մասնավորապես, այն ժամանակ կողմ էր արտահայտվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Հանձնաժողովի ներկայիս ղեկավար Աջիտ Պաին, որը Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի մեկնարկից հետո էր  նշանակվել, 2017 թվականի սկզբից խոսում էր այդ «ռեպրեսիվ» նորմը  վերացնելու մտադրության մասին: