Արծվաշեն գյուղի բնակիչները, որոնք հիմնականում Ադրբեջանի տարածքում մնացած Արծվաշեն համայնքի տեղահանված բնակիչներն են, չորրորդ կարգի վթարային տներում են ապրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը` նշելով որ բնակիչները գումար են պահանջում իրենց տները վերանորոգելու համար:
«Երբ մենք տեղափոխվեցինք այս գյուղ, բնակիչները տեղավորվեցին տեղի վթարային, փայտյա, 100-150 տարվա մալականների եւ ադրբեջանցիների տներում: Դե տարիների ընթացքում տների վիճակը ավելի վատթարացավ, այդ պատճառով էլ հիմա բնակիչները բողոքում եւ փոխհատուցում են պահանջում, որ բնակարնների վերանորոգման համար գումար հատկացնեն»,- ասաց համայնքապետը` նշելով, որ բնակիչներին վերջին բողոքի ակցիայից հետո նախագահականից խոստացել են մոտակա օրերս պատասխանել:
Գյուղապետը նշեց, որ Կառավարությունն այս առումով ավելի երկարաժամկետ ծրագիր ունի` նախատեսում է հետագայում նոր տներ հատկացնել բնակիչներին, սակայն բնակիչները պնդում են, որ ավելի լավ է` հիմա վերանորոգման գումար տրամադրեն:
Նշենք, որ գույքային փոխհատուցման համար բնակիչները 2006 թվականին դիմել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դեռ պատասխան չունեն:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Արծվաշենցիները փոխահատուցում են պահանջում Ադրբեջանի տարածքում մնացած իրենց անշարժ և շարժական գույքի համար: Բնակիչները նշում են, որ Կառավարությունից մեկ անգամ են 300 հազար դրամի չափով փոխհատուցում ստացել 3 տարի առաջ:
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքը օկուպացվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին: Դրանից հետո գյուղից բռնի տեղահանված բնակիչները հաստատվել են հիմնականում Ճամբարակում և դրա հարակից գյուղերում:




























