Ամեն դեպքում, գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետը, որը կդառնա պետության իրական առաջին դեմքը, կնշանակվի խորհրդարանական մեծամասնության կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ելք» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդդիմությունը կարող է օգտվել սահմանադրական բարեփոխումների վերջնական ուժի մեջ մտնելու եւ իշխանության ներսում վերադասավորումների ժամանակաշրջանով՝ բողոքի ակցիաների կազմակերպման, փողոցային պայքարի վերակենդանացման համար:

Գորգիսյանը հիշեցրել է, որ խորհրդարանական մեծամասնություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը: «Ի՞նչ մեզ կտա փողոցային պայքարը: Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ փողոցային պայքարի հասարակական պահանջ չկա: Մարդկանց ճնշող մեծամասնությունը հաշտվել է այն մտքի հետ, որ հանրապետականներն են լինելու իշխանությունը», - նշել է Գորգիսյան՝ հավելելով, որ «Ելք» դաշինքի համար միեւնույն է՝ Հանրապետական ​​կուսակցությունից ով կզբաղեցնի այս կամ այն պաշտոնը, քանի որ ՀՀԿ-ն ղեկավարում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, եւ հենց նա, ըստ վերջինիս, շարունակի որոշել, թե ՀՀԿ-ում ով ինչով կզբաղվի:

 Ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղարը խոստովանել է, որ «Ելք»-ում դեռ չեն որոշել եւ անգամ չեն քննարկել պայքարի մեխանիզմների հարցը, այդ թվում նաեւ՝ փողոցային ակցիաների կազմակերպման հնարավորությունը: Սակայն պատգամավորը շեշտել է, որ «Ելք» դաշինքը միանշանակ անընդունելի է համարում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը առաջատար պետական պաշտոնում, քանի որ դա Սահմանադրության ակնհայտ եւ տրամաբանական խախտում է:

«Դա կարող է արատավոր երեւույթ դառնալ. կպարզվի, որ Սահմանադրությունը փոխվում է, որպեսզի կոնկրետ անձը շարունակի ղեկավարել, թեեւ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր եւ անգամ խոստացել, որ չի պատրաստվում երրորդ անգամ իր վրա վերցնել երկրի կառավարումը», - նշել է Գեւորգ Գորգիսյանը: