Ապրիլյան ընտրությունները Հայաստանում լեգիտիմ չէին, քանի որ զանգվածային եւ լավ կազմակերպված կեղծիքներ կային: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցերին, մտադիր է արդյո՞ք քաղաքական ուժը 2018 թվականին ակտիվացնել իր ջանքերը ներկայիս կառավարության վարած քաղաքականության դեմ պայքարի համար, ինչպե՞ս պետք է իրականացվի այդ պայքարը և կարելի է արդյո՞ք ակնկալել ապրիլյան ընտրություններին պարտություն կրած ընդդիմադիր ուժերի վերակենդանացումը:
Մարտիրոսյանի խոսքերով՝ չի կարելի խոսել ընդդիմության ձախողումների մասին՝ դատելով ընտրություններից: «Իսկ թե ինչ կլինի 2018 թվականին, ապա ամեն ինչ կախված է իրավիճակից: Ցանկացած քաղաքական ուժ պետք է հաշվի առնի քաղաքացիների տրամադրությունները եւ այն, թե ինչ են նրանք ցանկանում տվյալ պահին», - մանրամասնել է ընդդիմադիրը` հավելելով, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ ընդդիմության համար հեռուստատեսությունը գրեթե հասանելի չէ, քաղաքացիներին իրենց մտադրությունները հասցնելու հնարավորությունները բացակայում են :
Բացի այդ, ինչպես նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահը, ոչ խորհրդարանական ընդդիմությունը պետական գործընթացների վրա ազդելու օրենսդրական լծակներ, ինչպես նաեւ ֆինանսական ռեսուրսներ չունի:
Արմեն Մարտիրոսյանը շեշտել է, որ Հայաստանում առանց քաղաքացիների աջակցության ընդդիմությունը չի կարողանա որեւէ բան անել, բայց քանի որ վերջիններս գտնվում են խորը քաղաքական անտարբերության մեջ, ապա այս պահին որեւէ բան ձեռնարկելը նպատակահարմար չէ:
Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր քաղաքական գործիչը չի բացառել 2018 թվականին որոշակի փոփոխությունների հնարավորությունը՝ բողոքի տրամադրությունների ակտիվացման առումով, ինչի վրա կարող է ազդել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հիմնական ապրանքների գների կտրուկ բարձրացումը:




























