Հայաստանի` խորհրդարանական կառավարման մոդելին անցնելը լուրջ կատակլիզմների չի հանգեցնի: Դեկտեմբերի 14-ին Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ որոշումները կայացվելու են խորհրդարանական մեծամասնության կողմից, որն ասօր ամուր կերպով պատկանում է ՀՀԿ-ին, և նախագահականից խորհրդարանական կառավարման մոդելի անցնելը որեւէ կատակլիզմի չի հանգեցնի:

«Ես լսել եմ, եւ այդ լուրերը ստուգվել են մեր կողմից, որ անձերի որեւէ հատուկ փոփոխություն չի լինի, այդ թվում նաեւ՝ նախագահականից խորհրդարանական մոդելին անցնելուց: Ինձ թվում է, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանին կտեսնենք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:

Վերջինս նաեւ նշել է, որ չի կարող ասել, թե ով կհաջորդի Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում, սակայն, նրա կարծիքով, հայ քաղաքական գործիչները կարող են լսել ձայները եւ որոշումներ կայացնել, որոնք թույլ են տալիս Հայաստանին շարունակել ճանապարհը առանց լուրջ ներքին կատակլիզմների:

«Ռուսաստանի վրա տպավորություն են գործել երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում, ի տարբերություն նախորդ շատ այլ դեպքերի, դժգոհությունների եւ մեղադրանքների լուրջ ալիք չբարձրացավ: Ընտրությունների արդյունքները, գոնե այդ պահի դրությամբ, բոլորին բավարարեցին, եւ ինչ-որ մեկի հաջողությունը կամ մյուսի պարտությունը օբյեկտիվորեն ընդունվեցին», - ամփոփեց ռուս խորհրդարանականը: