Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ առաջընթացի բացակայությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Ադրբեջանի ցուցաբերած անզիջողական եւ առավելապաշտական դիրքորոշմամբ։ Այդ մասին հունական «Էթնոս» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Պատասխանելով հարցին, թե որո՞նք են ամենամեծ խոչընդոտները կարգավորման գործընթացում, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Նախորդ շաբաթ ԵԱՀԿ նախարարական խորհրդում իմ ելույթի մեջ ես մանրամասն թվարկել եմ ինը պատճառներ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում՝ չնայած նախագահական եւ նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի եւ այլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին եւ մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը»:
«Կարճ ասած, կարգավորման ուղղությամբ առաջընթացի բացակայությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Ադրբեջանի ցուցաբերած անզիջողական եւ առավելապաշտական դիրքորոշմամբ, Բաքվի մերժմամբ իրականացնելու այն, ինչն ընդգծվել եւ ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, Ժնեւում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին երեք գագաթաժողովներում, մասնավորապես, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման, հակամարտության գոտում մշտադիտարկման կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ: Ադրբեջանը հետքայլ կատարեց եւ մերժեց վերահաստատել իր հանձնառությունը այն սկզբունքներին եւ տարրերին, որոնք առաջարկվել էին Մինսկի խմբի համանախագահների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմք»,- ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքով, Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ այլ պայմանավորվածություններից, եւ այդ օրինակները իրավամբ հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմ վստահելիությունը: «Միեւնույն ժամանակ, Բաքուն շարունակում է շփման գծում հրադադարի խախտումները եւ սադրանքները: 2016 թ. ապրիլին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիա սանձազերծեց, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների նկատմամբ դաժանություններով, մարմինների խեղումներով, ԴԱԻՇ-ի ոճի գլխատումներով:
Այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից եւ ինչին սատարում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, եւ սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը:
Ցանկանում եմ եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի:
Եթե Բաքուն հետեւի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին եւ կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու համար»,- ամփոփել է նախարարը:
Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է. ԱԳ նախարար




























