Հանճարեղ, բացառիկ ուսանողների համար չափանիշներ գտնելը շատ բարդ է։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցում տարածած տեսաուղերձում ասել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը։

Խոսելով իշխանության հետ բանակցությունների ձախողման պատճառների մասին՝ նա նշել է, թե բանակցությունների ընթացքում արել են երկու առաջարկ։ «Ներկայացվել էր ծառայության ձեւ, որը կպահպաներ ուսման շարունակականությունը։ Այդ առաջարկը մերժվեց՝ անտեսելով միջազգային հաջող փորձը անգամ։ Այս հարցը նույնիսկ չքննարկվեց բանակցություններում»,- ասել է նա։

Մյուս խնդիրը վերաբերել է իշխանության առաջարկին, ստ որի՝ տարկետում կստանան առանձնակի նվաճումներ ունեցող ուսանողները։ «Սակայն վերջին հանդիպման ժամանակ մեզ ասցին, որ կարող են օգտվել միայն բացառիկ ուսանողները։ Հանճարեղ, բացառիկ ուսանողների համար չափանիշներ գտնելը շատ բարդ է։ Ոտքի վրա չափանիշներ չեն գրում։ Մարդիկ պետք է իմանան, ինչ չափանիշներ են դրանք»,- ասել է Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ բանակցությունները գնում էին, որ միայն լեգիտիմացնեն պրոցեսը։

Նա նաեւ նշել է, թե իրենք երկու ամիս փորձել են տարբեր միջոցներով հանրությանը հասցնել իրենց կարծիքը, հանրային քննարկումներ են նախաձեռնել, սակայն հինգ համալսարաններից չորսը մերժել են դահլիճ տրամադրել։ «Մենք վերցրել ենք պատասխանատվություն եւ տանելու ենք մինչեւ վերջ»,- ասել է հացադուլի մասնակիցը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները վերսկսել են պայքարը, նրանք պնդում են, որ իշխանության ներկայացուցիչների հետ շուրջ մեկ ամիս տեւած  բանակցությունները անպտուղ են անցել, իրենց առաջարկները չեն ընդունվել։ Ուսանողները որոշել են չհանձնվել եւ ծայրահեղ քայլերի դիմել մինչեւ հաշվի նստեն իրենց պահանջի հետ։ Նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրա Ավագյանը փակվել են Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում եւ հայտարարել անժամկետ հացադուլ։