Վանաձորի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը, մինչեւ բոյկոտը դադարեցնելու մասին «Լուսավոր Հայաստանի» պաշտոնական հայտարարությունը, այդ մասին «շշուկներ» էր լսել: NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ իրենց թիմը շարունակելու է նույն կերպ աշխատել:

«Մենք մի տարի ա՝ աշխատում ենք, մենք աշխատանքի փորձ ունենք, թող իրանք մտածեն: Մենք հոգնել ենք անհանգիստ միջավայրերից, որովհետեւ էս քաղաքն աշխատանքի կարիք ունի, ոչ թե անհանգստության, շոուների եւ կինոների»,- ասաց ՀՀԿ-ական քաղաքապետը:

Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ 2017թ. տեղի ունեցած ապօրինի նիստերի ընթացքում ընդունված բոլոր որոշումները հերթականությամբ պետք է ներառվեն Վանաձորի ավագանու առաջիկա նիստերի օրակարգերում, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Դա իրենց իրավասությունների շրջանակի մեջ չի, մնացածը մենք կորոշենք: Դրանք գործավարական եւ տեխնիկական խնդիրներ են, էս պահին իրենք իրավական անտառաճանաչություն են դրսեւորում, որովհետեւ Ազգային ժողովը նոր օրենք չի ընդունել, որ դրան համապատասխանեցնենք, անցած եւ այս տարի ընդունած բոլոր որոշումներն ունեն օրինական ուժ, քանի դեռ այլ օրենք չի կիրառվում»:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելուց հետո «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ Վանաձորում դադարեցնում է բոյկոտը։ 

Վերացել են քաղաքական հիմքերը. «Լուսավոր Հայաստանը» Վանաձորում դադարեցնում է բոյկոտը