ԱՄՆ ներկայացուցիչները Չինաստանի իրենց գործընկերներին են հանձնել  Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմի ուժեղացման  ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը եւ  իր դիվանագիտական աղբյուրները։ 

Իր հերթին, ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչը հաստատել է, որ նոր բանաձեւի քննարկումն արդեն ընթացքի մեջ է, սակայն կողմերը համաձայնության չեն եկել: «Մենք փորձում ենք եւս մեկ բանաձեւ ընդունել, սակայն նրանք դեռեւս չեն համաձայնում»,-ասել է նա:

Գործակալությունը նշում է, որ Վաշինգթոնը վաղուց է Պեկինին կոչ անում սահմանափակել Պհենյանին նավթ մատակարարելը: Մասնավորապես, ԱՄՆ-ն առաջարկում է սահմանափակումներ կիրառել այն տասը նավերի նկատմամբ, որոնք խախտել են պատժամիջոցները: Այս նավերը ենթադրաբար տեղափոխում էին հումք, որը նրանցից վերցնում են  Հյուսիսային Կորեայի նավերը: