Ադրբեջանը փորձում է Արցախյան հակամարտությունը սահուն կերպով հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Նման բան տեղի չի ունենա Հայաստանի եւ եվրոպական կառույցների ջանքերով»:

Պատգամավորի խոսքով՝ լավ կլիներ եվրոպացի գործընկերները ուշադրություն դարձնեին նաեւ ադրբեջանական լվացքատան  սկանդալին՝ լրջորեն վերաբերվելով Ադրբեջանի նավթադոլարային սկանդալներին:

«Ստրասբուրգում ես ինքս երկու անգամ լսել եմ՝ ինչպես է Ալիեւը հայտարարել, որ ինքը թքած ունի միջազգային հանրության վրա, քանի որ կարող է ցանկացած պահի գնել նույն այդ միջազգային հանրությանը: Սա ցինիզմ է, ուստի իմ եվրոպացի գործընկերներին կոչ եմ անում տոտալիտար սահմանադրություն ունեցող Ադրբեջանին թույլ չտալ հայտարարել, որ միջազգային հանրությունն իր գրպանում է», - նշեց պատգամավորը։

Իր հերթին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերը տեղի են ունենում բացառապես Ադրբեջանի կողմից, մինչդեռ միջազգային կառույցները համահարթեցման քանոնով հակամարտ կողմերի հասցեին հավասար գնահատական են հնչեցնում. «Արցախի ժողովուրդը անվտանգության լուրջ խնդիր ունի: Սա իսկապես շատ կարեւոր է, եւ ես կարծում եմ, որ հակամարտության կարգավորման երեք միջազգային սկզբունքներին պետք է այսուհետ հավելել նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության դրույթը»: